ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Երկրագնդի խնդիրը մշակութային է»

«Երկրագնդի խնդիրը  մշակութային է»
05.02.2013 | 11:39

Երևանում անցկացվում են իրանական մշակույթի օրեր` նվիրված Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին: Այս օրերին Երևանում կազմակերպվում են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, գրքի շնորհանդես և այլ միջոցառումներ:
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական ՄԵՀՐԱՆ ՇԻՐԱՎԱՆԴԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Իրանում կարևոր տեղ է զբաղեցնում մշակույթը. տարեկան անցկացվում են 80-ից ավելի միջազգային փառատոներ, որոնցից 20-ը` մշակութային: Միայն Թեհրանում ամեն օր շուրջ տասը ազգային միջոցառում է լինում: Ավելի քան 3000 արվեստի կրթական կենտրոն է գործում այս երկրում, տպագրվում են մեծ թվով գրքեր:

-Մեր օրերում հասարակական-քաղաքական խնդիրները երկրորդ պլան են մղում արվեստն ու մշակույթը: Ինչո՞վ է պայմանավորված մշակութային նման աշխույժը` հասարակական ակտիվությա՞մբ, թե՞ պետական քաղաքականությամբ:
-Իրանի հեղափոխությունը մշակութային հեղափոխություն էր: Մենք այս ոլորտում ավելի ակտիվ ենք. ամբողջ աշխարհի 86 երկրներում մշակույթի կենտրոններ ունենք: Նույնիսկ Աֆրիկայում նման մի կենտրոն կա: Արևմուտքից արևելք Իրանը մշակույթի խորհրդականներ ունի, որոնք աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում:
-Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչ մշակույթի խորհրդականի պաշտոնը ստանձնելը:
-Նախքան այստեղ գալը 3000 էջ գրականություն եմ ընթերցել: Երբ եկա Հայաստան, ավելի շատ սիրեցի հայ ժողովրդին ու երբ ավարտեմ աշխատանքս, վստահ կարող եմ ասել, որ հայ ընկերներիս հետ կապը կշարունակեմ:
-Քաղաքականությունը, ժողովուրդների միջև եղած տարաձայնությունները արտացոլվում են գրականության մեջ: Մյուս կողմից` եղած խնդիրները հնարավո՞ր է հարթել գրականության, մշակութային երկխոսության միջոցով:
-Շատ խնդիրներ են հարթվում գրականության և արվեստի միջոցով: Երկրագնդի խնդիրը մշակութային է: Շատ ականավոր դեմքեր փաստում են, որ մշակույթն է վերահսկում ամեն ինչ` արվեստը, գրականությունը, պոեզիան, կրոնը: Ի դեպ, ես դասավանդում եմ ԵՊՀ-ում և պետք է ասեմ, որ հայ ուսանողները սիրում և հետաքրքրվում են Իրանի արվեստով:
-Երևանի Կապույտ մզկիթը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ, տվյալ պահին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցման փուլում, որպես ընդհանուր մշակութային ժառանգություն։ Ինչպե՞ս եք գնահատում մշակութային այս քաղաքականությունը:
-Երևանի Կապույտ մզկիթը տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից մեկն է: Իսլամական այս մեծ կենտրոնը 18-րդ դարում կառուցել է Երևանի խան Հոսեյն Ալի Խանը, ապա վերակառուցվել է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցներով, Հայաստանի ազատագրումից հետո: Սա իր հերթին ցույց է տալիս Իրանի հատուկ ուշադրությունը իսլամական շինությունների նկատմամբ` աշխարհի բոլոր անկյուններում։ Այս կենտրոնը, բացի կրոնական ծիսակատարություններից, հայերի և իրանցիների համար կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին, ով ոչ մի ջանք չի խնայել այս գործընթացի կազմակերպման համար:
-Իսկ Իրանում կա՞ն հայկական հուշարձաններ, որ նույնպես կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում կամ արդեն ընդգրկվել են:
-ԻԻՀ մշակութային ռազմավարության մեջ կրոնական և հոգևոր ժառանգության պահպանումը մեծ նշանակություն ունի, մասնավորապես` հայերին վերաբերող խնդիրները, որոնք Իրանում ամենամեծ համայնքն են համարվում։ ԻԻՀ Սահմանադրության համաձայն, կրոնական ծիսակատարությունները փոքրամասնություններ կազմող ժողովուրդների համար թույլատրելի են։ Նրանց հոգևոր արժեքների պահպանման խնդիրն առաջնային է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված են Ս. Թադևոս (Կարա Քիլիսա) և Ս. Ստեփանոս եկեղեցիները, ինչը ցույց է տալիս այս շինությունների կայունությունը և Իրանի ուշադրությունը հայերի մշակույթի ու արվեստի պահպանման նկատմամբ։ Նման քաղաքականությունը շարունակական է Իրանում:
-Թվով քանի՞սն են Իրանում գործող հայկական եկեղեցիները:
-Իրանում 300-ից ավելի եկեղեցի կա, որոնցից 200-ը հայերին է պատկանում (Ատրպատականում, Թեհրանում, Սպահանում, Համադանում): Բոլոր հայկական եկեղեցիները գործող եկեղեցիներ են համարվում, որտեղ շուքով կատարվում են կրոնական տարբեր ծեսեր։ Իսլամական մեջլիսում 2 հայ ներկայացուցիչներ կողք կողքի գործում են` ի նպաստ կրոնական ազատության երկու ժողովուրդների միջև, որոնք հարազատաբար շփվում են միմյանց հետ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ